Անավարտ

-Կորի՛ր այստեղից-մռմռթաց նա:
Կատուն մի արհամարհական հայացք նետեց նրա վրա: Դանդաղ շարժվեց դեպի սենյակի խորքը՝  պոչը պատին քսելով ու կարծես ասելով "սա իմ սենյակն է, ես այստեղ ապրել եմ ու կապրեմ":
-Զզվում եմ կատուներից-շշնջաց նա:
Ամենաշատը նրան ջղայնացնում էին կատվի՝ քննադատությամբ լցված կապույտ աչքերը: Նրան թվում էր, թե կատուն նայում է իրեն և ասում "Ես հետևում եմ քեզ. ես ամենինչ գիտեմ. ես պահում եմ քո բոլոր գաղտնիքները, մի մոռացիր այդ մասին":
Կարծես կատվի այս փոքրիկ մարմինը տեղավորում էր իր մեջ բնավորության հազարավոր անհասկանալի գծեր: Խորամանկություն, ստորություն, կեղտոտ հնարքների մի հավաքածու, որոնցից սարսուռ էր անցնում ողջ մարմնով:
Կատուն նստած էր օջախի դիմաց, պատին գցելով գորշ ստվեր: Հետևում էր նրան ձանձրացած կապույտ աչքերով,  ականջները գլխին սեղմած:
-Դուրս կորի՛ր, ասում եմ քեզ-գոռաց նա, չդիմանալով այլևս այդ կապույտ հայացքին:
Կատուն միայն ուշադիր նայում էր նրան, "չափում" ձանձրացած մեծ աչքերով, ինչպես մի չնչին խոչընդոտ իր ճանապարհին:
Գնալ կատուն չի պատրստվում:
Այս ամենը արդեն ծիծաղելի էր դառնում նրա համար: Բրդի մի կտոր: Ընդամենը բրդի մի կտոր, սակայն լցված այսքան ատելությամբ:
"Դու ես գնալու իմ փոխարեն"-ասում էր կատվի հայացքը-"Եվ երբ որ քո հետևից դուռը շրխկա, կսկսվի փոթորիկ: Փոթորիկ, որից դու չես կարողանա փրկվել."-ասում էր ժպիտը կապույտ աչքերի խորքում-"Իսկ ես կմնամ այստեղ, հաստ պատերով պաշտպանված, որովհետև այս ամենը իմն է: Նույնիսկ այդ աթոռը, որի վրա դու հիմա նստած ես, իմն է:
Իսկ դու կորիր այստեղից"
Բարձր դղրդոցով մեծ պատուհանների վրա հասավ անձրևը:
-Փոթորիկ...-վախեցավ նա, չիմանալով, որ կարդում է կատվի մտքերը:

Շարունակությունը կարդում ենք այստեղ.


4 comments: