731

Ամեն անգամ առավոտյան շուտ կարթնանայի,առանց դժգոհելու կվերցնեի հեծանիվս ու կգնայի դեպի այն սրճարանը, որտեղ ամեն օր աշխատանքից առաջ դու գալիս և սուրճ էիր ըմպում:
Նստում էի քո մշտական սեղանիկի դիմացը, ասել է թե, լավ հարմարվում ու սպասում քո սև շողքին:
Այդ օրը սովորականի պես քսան րոպե շուտ էի հասել տեղ,պատվիրել էի ինձ քո սիրած սուրճը ու սպասում էի,որ գաս…
Սպասում եմ,սպասում … այնքան ուժեղ եմ սպասում,որ լսում եմ ժամացույցիս թքթքոցը…Դեռ երբեք ժամանակը այդքան ծանր չէր շնչել.. ես էլ էի հազիվ շնչում…Սուրճս սառչում էր,,իսկ ես ուրվականի նման հայացքս հառել էի դռանը ու սպասում էի.. չգիտեմ ավելի շատ քո գալուն էի սպասում,թե քո գնալուն:
Սև կոստյում, սպիտակ վերնաշապիկ, սև փողկապ, գեղեցիկ հարդարված մազեր, կախարդական օծանելիք..պաշտոնական հայացք…ահա այսպիսին էի ես քեզ հիշում այս երկու տարիների ընթացքում:Իսկ ես անգամ չգիտեի դու նկատել ես ինձ երբևէ , նկատել ես արդյոք ,որ մի խենթ աղջիկ երկու տարի շարունակ իր հայացքով քեզ բարևել ու հաջողություն է մաղթել,ամեն անգամ հրաշքի ակնկալիքով…
Չես նկատել,այլապես այսօր չէիր ուշանա…
Կարծում էի ,թե ժամանակի հետ ընկերացել եմ,ու նա իմ օգտին է առաջ գնում, կարծում էի ,որ մոտ է այն օրը ,երբ վերջապես քո հայացքը կհանդիպի իմ հայացքին ու կժտաս, կժպտաս քո ժպտով աննկարագրելի…
Հիշեցի,որ ձեռքիս տակ սուրճի բաժակ ունեմ, մի կում ու հասկացա ,որ արդեն երեք ժամ է ես այստեղ եմ ու սուրճս սպասելուց է դառնացել այսքան .. Սառն էր սուրճս ինչպես իմ միտքը,սառն էր ինչպես իմ սիրտը..
Հանկարծ…

Հանկարծ դու ներս մտար… 
Ներս մտար հանգի~ստ,ինչպես միշտ,բայց անհանգիստ , ինչպես երբեք:
Սև կոստյումի և փողկապի փոխարեն մի սպիտակ վերնաշապիկ և կապույտ ջինս էիր հագել: Մի տեսակ ուրիշ էիր այդ օրը: Անգամ օծանելիքդ էր ուրիշ: Սիրտս սկսեց մղկտալ, կարծես զգուշացնում էր ինձ, որ ինչ-որ բան այն չէ...
Քո հստակ քայլվածքով մոտեցար փոքր սեղանիկին. նստեցիր: Չկար քո պահվածքի մեջ քեզ բնորոշ շուտափույթությունը ամեն առավոտ աշխատանքի գնալուց առաջ, որը ես այդքան սիրում էի դիտել: Տեսնես քանի անգամ ես ուշացել աշխատանքից այստեղ սուրճ ըմպելու պատճառով...
Գլխով բարևեցիր մատուցողին, որի հետ արդեն ընկերացել էիր այս երկու տարվա ընթացքում:
-Ինչպես միշտ?,-հարցնում է մատուցողը մոտենալով:
-Այո, ինչպես միշտ, սակայն վերջին անգամ...-ասում ես դու:
Այնքան տարված եմ քո ձայնը վայելելով, որ խոսքերիդ իմաստը միանգամից չեմ կարողանում հասկանալ:
-Մեկնում եմ-շարունակում ես դու,-կես ժամ ունեմ դեռ մինչև ինքնաթիռս, ցանկացա վերջին անգամ իմ սիրած սրճարանում սուրճ ըմպել:
Ամեն ինչ շուրջս կարծես սառեց: Մտքիս մեջ կրկնում էի քո խոսքերը ու փորձում ուրիշ իմաստ հայտնաբերել նրանց մեջ: Ուրիշ ինչ-որ իմաստ, իմաստ,որ ինձ դուր կգար,միայն թե ոչ իրականությունը: 
"Մեկնում եմ...վերջին անգամ սուրճ ըմպել իմ սիրած սրճարանում..."
Աչքերս լցվեցին: Թեքեցի գլուխս դեպի պատուհանը, որ ոչ ոք չնկատի: Սրբեցի գետի նման հոսող արցունքներս, շրթունքներս կծեցի, որ ուշքի գամ, կարողանամ կառավարել 
զգացմունքներս:Իմ ամբողջ էությամբ ուզում էի վեր թռչել, ամուր գրկել նրան և չթողնել, որ գնա: Բայց չէի կարողանում տեղիցս շարժվել: Միգուցե այդպես ավելի լավ էր, որովհետև հիմա նրան մոտենալը այդքան էլ լավ միտք չէր թվում...
Որոշեցի դուրս գալ: Միտքս ինքն իրեն կայացրեց այդ պաշտպանողական որոշումը: Գնալ այստեղից, գնալ, փախչել, միայն թե նրա կողքին այս պահին չլինել... Բայց չկարողացա անգամ հաշիվը ուզել: Քարացել էի: Նստած նայում էի քեզ, ու չէի կարողանում հավատալ, որ ամեն ինչ այս պահին կավարտվի: Կլրանա քո կես ժամը և դու դուրս կգաս սրճարանից, ինչպես նաև իմ կյանքից և ես քեզ այլևս չեմ տեսնի:
Ինչ հիմարն եմ ես... Ինչպես կարող է ինչ-որ բանն ավարտվել, եթե երբեք նույնիսկ չի սկսվել... Հնարավոր է արդյոք այսպես սիրել և կապվել մեկին, ում նույնիսկ չես ճանաչում?
Սրբեցի արցունքներս: Դառը սուրճից մի կում արեցի:Երկու տարի: Իսկ ինչ կլիներ, եթե մի օր համարձակություն ունենայի ու մոտենայի քեզ? Միգուցե մի երկու խոսք կփոխանակեինք, կընկերանայինք... Ամեն օր գալիս էի նստում այս սրճարանում, մտածում, որ այսօր կմոտենամ, այսօր կխոսեմ քեզ հետ, այսօր ինչ-որ բան կփոխվի, այսօր դու ինձ կնկատես, միգուցե կմոտենաս...
Երկու տարի: 730 օր: 730 բաց թողնված հնարավորություն: 
Անցավ կես ժամ: Անցավ ու ահա, դու դուրս ես գալիս սրճարանից:
"Վեր կաց, վազիր նրա հետևից"-գոռում եմ ինքս ինձ մտքում: Գոռում, բայց նստած եմ դեռ փոքր սեղանի շուրջ, սառը սուրճը դիմացս, ու նայում եմ, թե ինչպես է փակվում դուռը քո ետևից:
Ահա և վերջին 731-րդը:
Չգիտեմ դեռ ինչքան եմ նստել սրճարանում քո գնալուց հետո: Մեկ ժամ? Երկու? Կարևոր չէ...
Դուրս եկա, վերցրի հեծանիվս: 
''Վերջ...''-անցավ մտքովս:


Գրեցինք ես ու Ստելլա Բարսեղյանը