Հոգուս վերջին մասնիկը


Ես սովորական մարդ էի: Ապրում էի սովորական օրով, սովորական ժամանակով: Երբեմն ինձ թվում էր, որ իմ կյանքը կանգ է առել: Չկար ինչ որ մեկը, ում հետ ես կկարողանայի խոսել, կիսվել իմ մտքերով: Չկար ինչ որ մեկը , ում ես կկարողանայի վստահել իմ երազանքները , իմ ցանկությունները: Ես ուղղակի չգիտեի, թե ինչպես մարդկանց վստահել: Դա ինձ երբեք ոչ ոք չսովորեցրեց: Ես կարծես , թե ամեն ինչ ունեի: Բայց, ինձ ինչ որ բան էր պակասում: Գիտեք, երբ երկար ժամանակ միայնակ ես լինում, սկսում ես սիրել միայնությունդ, ու երբ հանկարծ քո կյանքում ինչ որ մեկը հայտնվում է, անմիջապես սկսում ես վանել նրան, չընդունել: Քեզ թվում է, որ հերթական անգամ հիասթափվելու ես և աշխատում ես հեռու մնալ այդ ամենից:
Ինձ հետ հենց դա էր կատարվում: Ես չգիտեի, թե ինչ է նշանակում մարդկանց վստահել: Ես վաղուց արդեն մոռացել էի դա: Բայց օրերից մի օր հայտնվեց Նա: Նա սկսեց աշխատել ինձ հետ նույն վայրում: Նա սկսեց ապրել այնպես, ինչպես ես: Նա մտավ իմ կյանք, փոխեց այն: Որքան հիմար էի ես…որքան հիմար էի , այդ վայրկյանին, երբ չհասկացա, թե ինչ էր կատարվում: Ես սիրում էի իմ միայնությունը, և չդավաճանեցի նրան: Ես պահեցի իմ հոգին`իմ ներսում, այնտեղ, որտեղ այն այսքան երկար ժամանակ գտնվում էր: Ինձ թվում էր, որ հենց այդպես էլ պետք  էր:



Եվ ես կարողացա ինձ հեռու պահել այդ ամենից: Ես չսիրեցի: Եվ ես ինձ երջանիկ էի զգում, թեկուզև կորած: Թեկուզև հասկանում էի, որ ինչ որ բան դեռ պակասում է ինձանից, որ ես չեմ կարող ողջ կյանքումս հոգիս պահեմ միայն ինձ համար: Հասկանում եք, այդ դեպքում անիմաստ է լինում ապրելը: Երբ քո հոգին պատկանում է միայն քեզ, ամեն ինչ էլ անիմաստ է լինում: Միայն այն բաժանելով մարդկանց, դու հասկանում ես, թե ինչ է նշանակում իրական երջանկությունը: Բայց ինձ այն ժամանակ, դուր էր գալիս իմ երջանկությունը` թվացյալ երջանկությունը, ծնված միայնությունից: Եվ ինձ կարծես ոչինչ այլևս պետք չէր:
Հիմա եմ ես հասկանում, թե որքան սխալ էի ես…միայն հիմա, երբ արդեն ոչինչ հնարավոր չի փոխել: Միայն ամեն ինչ կորցնելով  ես հասկացա այն հրաշքը, ինչը դու ունեցել ես: Ուղղակի չնկատեցի, թե ինչպես ամեն ինչ պատահեց: Ուղղակի մի պատահականություն, մի սովորական պատահականություն, որը մի ամբողջ կյանք փոխեց…


Մի սովորական օր էր: Չնկատեցի, թե ինչպես դադարեցի գոյություն ունենալ: Ուղղակի դադարեցի: Ոչ ցավ, ոչ զգացմունք: Ուղղակի ոչ մի բան: Մեքենա, կարմիր լույս, և ես արդեն չկամ: Մի ակնթարթ:
Տուն էի գնում: Շատ լարված օր էր, և ես չնկատելով ժամանակի արագ ընթացքը երկար էի մնացել գրասենյակում, մնացել էր նաև Ինքը: Չէ, ես չէի սիրում Նրան, ես վաղուց էի կորցրել ինչ-որ մեկին սիրելու ունակությունը: Հոգիս կոշտացել էր, զգացմունքներն անհետացել էին: Բայց Նրան ամեն անգամ տեսնելիս, ամեն անգամ Նրա հետ խոսելիս, ինչ-որ մի մասնիկ իմ հոգում սկսում էր շատ արագ բաբախել, գոռալ, կարծես ուզում ես դուրս թռներ և սիրեր Նրան:
 Առաջարկեցի Նրան տուն ուղեկցել: Ուշ էր, ցուրտ, մառախուղ: Վարում էի մեքենան լարված, մտքերի մեջ խորասուզված:  Չհասկացա, թե ինչ եղավ: Ամեն ինչ այնպես արագ կատարվեց, որ ես միայն հասցրեցի Նրան կողքի բրդել, դեպի մեզ սլացող հսկայական մեքենայի հարվածը ամբողջովին ինձ վրա վերցնելով:
Ես չկամ: Ինչ-որ մարդիկ մոտիկ եկան, շտապ օգնություն կանչեցին, հետո մի մեծ ամբոխ հավաքվեց և ամեն ինչ ուղղակի կորցրեց իր իմաստը: Հիվանդանոցի սենյակ,  լիքը տարբեր գործիքներ, դեղեր…  Նրա սարսափահար դեմքը, դեռ թարմ արյան հետքերով, ինչ-որ բան ինձ ասող շուրթեր: Բայց ես էլ չկամ: 
Բայց կա Ինքը: Հոգուս մի մասնիկը կրողը, ում ես փոխանցել եմ այն: Ես զգում եմ, որ այն ավելի վառ է հիմա լույս տալիս, ջերմացնում է Նրան, անընդհատ հիշեցնում է իմ մասին: Հիշեցնում է, որ անիմաստ չի եղել իմ տանջանքը, իմ ներքին դատարկությունը, իմ կյանքը: Անիմաստ չի եղել, և չի էլ կարող լինել այլևս, չէ որ իմ հոգու մասնիկը Նրա հետ է այժմ:
Ոչինչ չի փոխվել: Ես դեռ թափառում եմ քաղաքիս փողոցներով, մտածում, երազում: Ես ուղղակի չկամ: Աննկատ եմ: Թափանցիկ, եթերային: Ես երբեք չեմ հեռանա իմ քաղաքից: Կմնամ այստեղ, կզբոսնեմ: Անվերջ կզբոսնեմ: Եվ հանկարծ Նրան նկատելով փողոցներից մեկում, կժպտամ և կզգամ որ ես մարդ եմ, աշխարհի ամենահրաշալի զգացմունքով օժտված:

Գրել ենք ես ու Վահան Խաչատրյանը  :)
Միու~

No comments:

Post a Comment